ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 22-ին տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հետեւանքով տուժած զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ աշխատանքային քննարկում:
Քննարկմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, Պաշտպանության նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ներկայացնելով քննարկում կազմակերպելու շարժառիթը, նշեց. «Այսօր շատերը չգիտեն սոցիալական ծրագրերից օգտվելու ձեւերը եւ խճճվում են բյուրոկրատական քաշքշուքների մեջ»:
ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության եւ վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը ներկայացրեց համապարփակ զեկույց, որտեղ նշեց, որ 44-օրյա պատերազմում զոհված 3039 քաղաքացու անձնական գործ նախարարությունը փոխհատուցումներ իրականացնելու նպատակով փոխանցել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այս պահին իրենց ունեցած տվյալներով հաստատված է 2500 քաղաքացու փոխհատուցման հայտ:
Հիմնադրամ է ուղարկվել 556 անհետ կորած զինծառայողի ընտանիքի դրամական փոխհատուցման հայտ: Կառավարության որոշմամբ` անհետ կորած անձանց ընտանիքները, որոնք դեռեւս որեւէ կարգավիճակ չեն ստացել, վեց ամիս կստանան 300.000 դրամ փոխհատուցում:
Ավետիսյանի խոսքով` 500.000 դրամ միանվագ փոխհատուցում է տրվել ավելի քան 9000 վիրավորվածների` անկախ հաշմանդամության կարգից. «Հաշվի առնելով աշխատանքի մեծ ծավալը եւ աշխարհագրական հեռավորությունը` որոշում է կայացվել, որ ՏԻՄ-ի եւ տարածքային կառավարման մարմինների միջոցով է իրականացվելու գործերի սկզբնական հավաքումը: Ապա վերջիններս յուրաքանչյուր շաբաթ կամ ամսվա ընթացքում գործերը ներկայացնում են վարչություն, որն իրականացնում է տվյալների ճշգրտում, դրանից հետո ուղարկում հիմնադրամ»:
Առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամության կարգ է ստացել 301 զինծառայող:
Ալեքսանդր Ավետիսյանը տեղեկացրեց, որ ունեն տվյալների հավաքագրման խնդիրներ, որը վերաբերում է հատկապես վիրավորվածներին:
Նախարարությունը փոխհատուցում է նաեւ զոհված զինծառայողների թաղման, ինչպես նաեւ գերեզմանների բարեկարգման ծախսերը` տրամադրելով համապատասխանաբար 1մլն 400 հազար եւ 700 հազար դրամ:
ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության եւ վետերանների հարցերով գլխավոր վարչության պետը պատասխանեց նաեւ պատգամավորների ու հրավիրյալների հարցերին: Դրանք հիմնականում վերաբերում էին զոհվածների վարկերին եւ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստանալուն: